«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում նախորդ շաբաթ կայացած գիտական լսման բանախոսը ԵՊԲՀ ռեկտորի խորհրդական Իզաբել Աբգարյանն էր, թեման՝ «Բժշկական գաղտնիք, իրազեկված համաձայնություն, բժշկական փաստաթղթեր»։
Բանախոսը իր զեկույցում անդրադարձավ բժշկական հանրությանը հուզող մի շարք թեմաների, թե ո՞րն է բժշկական գաղտնիքը, ո՞ւմ, ի՞նչ հիմքով կարող են այն փոխանցել, ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված բժշկական գաղտնիքը հրապարակելու համար, ինչ նախադեպեր կան։ Այս համատեքստում նա անդրադարձել է նաև «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, «Բնակչության բժշկական սպասարկման և օգնության մասին» ՀՀ օրենքին, առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի 47-Ն հրամանին, էլեկտրոնային առողջապահական համակարգում պացիենտի տվյալները դիտելու կարգին։
Ինչ վերաբերում է իրազեկված համաձայնությանը, ապա քննարկվեց, թե ե՞րբ է պետք այն լրացնել գրավոր, ի՞նչ անել անհետաձգելի և շտապ դեպքերում, բժշկական միջամտությունից հրաժարվելու դեպքում։ Բժիշկները բազում հարցեր ուղղեցին բանախոսին, որոնք վերաբերում էին բժիշկների, պացիենտների իրավունքներին և պարտականություններին, պացիենտների հարազատներին տեղեկություն տրամադրելուն, կոնկրետ իրավիճակային խնդիրների և այլն։
Ընդհանուր առմամբ՝ գիտական լսումն ընթացավ բուռն քննարկումներով, այն բավականին արդյունավետ էր և հետաքրքիր:
.png)